ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Կազբեկ» նախագծի տապալումը

«Կազբեկ» նախագծի տապալումը
23.09.2008 | 00:00

ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՓԱԿ ԷՋԵՐԻՑ
Ժամանակակից քաղաքակրթությունը գնալով ավելի է նմանվում ընդօրինակման քաղաքակրթության, քանի որ գոյություն ունեցող պետությունների և էլիտաների մեծ մասը տարբեր հաջողությամբ ձգտում է ընդօրինակել Միացյալ Նահանգներին։ Ընդ որում՝ ամեն ինչում. արտաքին քաղաքական հնարքներում, ներքաղաքական տեխնոլոգիաներում, նույնիսկ մշակույթի և զինված ուժերի կառուցման հարցում։ Երբ դա փորձում է անել մի քանի տասնամյակի պատմություն ունեցող որևէ պետություն, դեռ հասկանալի է։ Բայց երբ այնպիսի տերությունը, ինչպիսին Ռուսաստանն է, ձգտում է ընդօրինակել ամերիկյան քաղաքական ու սոցիալ-մշակութային ստիլիստիկան հասարակական և քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում, և դա հեգնանք չի առաջացնում, ապա առնվազն անըմբռնելի է։ Ռուսաստանյան քաղաքագետները, քաղաքական ծրագրավորողները և վերլուծաբանները շատ են ցանկանում գոնե մի քիչ «յանկի» լինել, եթե հնարավոր չէ 100%-ով լինել։ Թեկուզև դա միաժամանակ և հրապարակավ փորձում են մերժել։
Ներկայումս Ռուսաստանում շատերն են համոզված, որ հասունացել են պայմանները տարբեր ուղղվածության ու ծավալների լոբբինգային քաղաքականության ձևավորման համար։ Թեպետ լոբբինգն իբրև երևույթ Ռուսաստանում նոր չէ, այն գոյություն ուներ նաև խորհրդային ժամանակներում, ըստ որում, միջազգային ասպարեզում։ Սակայն, հին խորհրդային դիվանագետների խոստովանությամբ, հիշյալ երևույթն այդ ժամանակ համակարգային բնույթ չի ունեցել և միշտ եղել է համապատասխան վերահսկողության տակ։ Այսօրվա Ռուսաստանն էլ, անշուշտ, այն երկիրը չէ, ուր վերահսկողություն առհասարակ չլինի, սակայն, այնուհանդերձ, փաստ է, որ Ռուսաստանում այսօր լոբբինգ է իրականացվում ում և ինչի օգտին ասես։ Մոսկվայում և այլ խոշոր տնտեսական և վարչական կենտրոններում արդեն ձևավորվել են լոբբինգային խմբեր, որոնք շատ կողմերով վճռորոշ դիրքեր ունեն տնտեսության և քաղաքականության մեջ, միաժամանակ նրանց միջև առկա է կատաղի պայքար։ Սակայն կա լոբբինգային մի խումբ, որը մրցակցությունից ու քննադատությունից դուրս է՝ նկատի ունենալով համապատասխան հարաբերությունները կառավարող շրջանակների հետ։ Հարկ է ընդգծել, որ այդ խմբավորման սկզբունքային տարբերությունը մյուսներից այն է, որ հենց ինքը ոչ քիչ չափով վերահսկում է շատ քաղաքական և վարչական կառույցներ։ Խոսքը վերաբերում է Եվգենի Պրիմակովի գլխավորած խմբավորմանը, որն իբր կոչված է ստեղծելու գործնական և լեգալ լոբբինգի երևույթը Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ։
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ռուսական նոր վերնախավը բախվեց արտաքին քաղաքականության մեջ հուսալի և ընկալելի մասնագետների բացակայության հետ։ Եվ ռուսական հատուկ ծառայությունների որոշ բյուրոկրատական շրջանակներ, իբրև որոշակի պսևդո-հայրենասիրական խմբավորման լիդերի, առաջ մղեցին Եվգենի Պրիմակովին։ Պարզվեց, որ նա շատ հարմար է աջերի և ձախերի, հին ու նոր քաղաքագետների համար։ Նա կարողացավ ներկայանալ իբրև հայրենասեր, որը, սակայն, պատրաստ է համագործակցելու նոր քաղաքական էլիտաների հետ, և այդպիսով դարձավ փոխզիջումային քաղաքական ֆիգուր իշխանության համար մղվող կատաղի պայքարում։ Այդքանով հանդերձ, Ռուսաստանում գործող շատ քաղաքական գործիչների և փորձագետների համար Ե. Պրիմակովի քաղաքական-հոգեբանական տիպը միանգամայն հասկանալի է։ Գիտական աշխարհի նրա ոչ քիչ գործընկերները պնդում են, որ Ե. Պրիմակովի գիտական գործունեությունն իրականում կազմված է գիտության շուրջ ճարպիկ խաղերից և բացահայտ գրագողությունից։ Իրականում նա բավական թույլ է իբրև մասնագետ-արևելագետ, առավել ևս Մերձավոր և Միջին Արևելքի ակտուալ քաղաքականության հարցերում ընդունակ չէ տարրական քաղաքական վերլուծության, միաժամանակ բավական քիչ է ծանոթ եվրոպական քաղաքականությանը։ Այդ իսկ պատճառով երկխոսության ժամանակ միշտ աշխատում է սահմանափակվել ընդհանուր ձևակերպումներով և բոլորի համար առանց այդ էլ ակնհայտ հետևություններով։ Ռուսաստանի արտաքին հետախուզության պետի պաշտոնում աշխատած ժամանակահատվածում Ե. Պրիմակովը, ըստ տարածված կարծիքի, պետության ղեկավարությանն է ներկայացրել որոշ «բացառիկ» նյութեր, շատ հաճախ հորինված, առանց փաստացի հիմնավորումների։ Գեղեցիկ հայրենասիրական կարգախոսների ներքո նա գործնականում հաջողեց բթացնել կառավարող շրջանակների զգոնությունը՝ ՆԱՏՕ-ի ընդարձակման ծրագրերի հետ կապված։ Իզուր չէ, որ գերմանական քաղաքական գործիչներն ու փորձագետները Ե. Պրիմակովին համարում են «ատլանտիստ, բայց ոչ գործակալ»։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի առաջատար մասնագետներից մեկի պնդմամբ, երբ մասնավոր զրույցում Ե. Պրիմակովին կատակով անվանել են «ամենահետևողական եվրատլանտիստ», նա անսպասելիորեն խիստ շոյվել է այդ գնահատականից, նշելով, թե չի առարկում դրա դեմ։ Ռուսաստանի վարչապետի պաշտոնում նա գործնականում քանդեց և փակուղի մտցրեց ռուսական տնտեսությունը՝ շարունակաբար պատճառաբանելով դա 1998-ի օգոստոսյան ճգնաժամով։ Արդյունքում, նույնիսկ նրանք, ովքեր Պետդումայում պաշտպանում էին նրա թեկնածությունն իբրև վարչապետի, այդ թվում` կոմունիստները, հարկադրված էին ընդունել նրա բացարձակ ոչ կոմպետենտ լինելը տնտեսության և կառավարման հարցերում։ Ցանկացած այլ քաղաքական գործչի համար դա քաղաքական մահ կնշանակեր, սակայն Ե. Պրիմակովն իրեն շրջապատել էր բավականին խելացի, թեկուզև հավակնոտ ու անձնապաշտ փորձագետներով։ Ըստ այդմ, կարողացավ Վլադիմիր Պուտինին որոշ գաղափարներ առաջարկել, որոնք ընդունվեցին, քանի որ այլ առաջարկ չկար։ Իսկ այդպիսի պայմաններում հայտնի առածն ասում է, որ «ձուկ չեղած տեղը խեցգետինն էլ ձուկ է»։
Եվ ինչո՞վ պետք է զբաղվեր «օրենքով» արևելագետը, երբ միանգամայն պարզ էր, որ կառավարելու ընդունակություններ չկան, բայց օդի պես անհրաժեշտ է մնալ ջրի երեսին և փող աշխատել։ Թեպետ Ռուսաստանի Առևտրա-արդյունաբերական պալատի ղեկավարի պաշտոնով սուղ չես ապրի, բայց դա երևի քիչ է ժառանգորդների մասին հոգալու համար։ Ե. Պրիմակովը արդեն կորցրել էր քաղաքական խորհրդատվության գծով իր կադրերին, այդ թվում` Սերգեյ Կարագանովին և հատուկ ծառայությունների 5-6 նախկին աշխատակիցների։ Սակայն դա չխանգարեց «Պրիմուսին», ինչպես նրան անվանում են համակիրներն ու մոսկովյան քաղաքական բոհեմի որոշ ներկայացուցիչներ, շարունակել զբաղվել փորձված գործով՝ միջազգային քաղաքական լոբբինգով։ Փողը տարբեր ժամանակներում տվել են տարբեր քաղաքական գործիչներ և երկրների ղեկավարներ։ Այդ թվում` Հաֆեզ Ասադը, Սադամ Հուսեյնը, հետո Հեյդար Ալիևը։ «Համագործակցության» փորձ եղել է նաև Էդուարդ Շևարդնաձեի հետ, սակայն Վրաստանի այնժամյա նախագահի միջոցները չբավարարեցին։ ԱՊՀ տարածքում լոբբինգային «կոնսենսիայի» համար Ե. Պրիմակովի խմբավորումը նույնիսկ կատաղի պայքար էր մղում սկզբում Վլադիմիր Գուսինսկու, իսկ այնուհետև Բորիս Բերեզովսկու դեմ։ Օրինակ, Վ. Գուսինսկու և նրա թիմի դեմ պայքարն ընթանում էր մի շարք «պատվերների» համար, այդ թվում՝ Ադրբեջանի շահերի պաշտպանության նպատակով լոբբինգի իրականացման։ Ժամանակի հետ պարզվեց, որ այդ գործն անհույս է և դրա համար նույնիսկ կարելի է գլխից զրկվել։ ՈՒստի էնտուզիազմը նվազեց, սակայն Մերձավոր Արևելքի նավթային թագավորությունների հետ հարաբերություններում հնարավոր եղավ շատ հարցերի շուրջ ձեռնտու պայմանավորվածության հասնել, հատկապես զենքի արտահանման հարցում։ Բայց գնալով ավելի դժվար էր դառնում Ռուսաստանի բարձրագույն իշխանության շրջանակների հետ պայմանավորվածությունների ձեռքբերումը, որովհետև ասպարեզ էին եկել երիտասարդ, հավակնոտ կառավարիչներ, ովքեր բանի տեղ չէին դնում հին սովետական գործարարին։ Թեպետ դեռ կային քաղաքական ռեսուրսներ, այդ թվում և այն, որ Ե. Պրիմակովը նախկինի պես դուրս է քննադատությունից և կասկածներից։ Պատահական չէ, որ Մոսկվայում ամենատեղեկացված մարդկանցից մեկը նրա մասին հետևյալ կարծիքն արտահայտեց. «Ե. Պրիմակովի վերաբերյալ կարելի է ասել միայն լավը կամ ընդհանրապես ոչինչ հնարավոր չէ ասել»։
Սակայն Ե. Պրիմակովի գործունեության, ավելի ճիշտ, նրա անհաջողությունների շարքում հատուկ տեղ է զբաղեցնում Վրաստանը, որի հետ նա կապված է ծնունդով և իբրև անհատ ձևավորմամբ։ Ե. Պրիմակովը բազմիցս խոստացել է Ռուսաստանի ղեկավարներին, սկզբում Բ. Ելցինին, իսկ այնուհետև Վ. Պուտինին, որ ընդունակ է միանշանակ Ռուսաստանի օգտին լուծելու վրացական հարցը։ Թբիլիսիի հետ կապված նրա ծրագրերի տապալումը տեղի է ունեցել առնվազն երեք անգամ, ինչն աններելիորեն շատ է նույնիսկ այդպիսի բարդ խնդրի համար։ Ի վերջո, հավանաբար 2006-ին հասավ պահը, երբ այս կապակցությամբ Ե. Պրիմակովին այլևս փողը հետաքրքիր չէր, քանզի խոսքը հարցեր լուծելու նրա կարողության և վարկի մասին էր։ Մանավանդ որ զուգահեռ տեղի ունեցավ ղարաբաղյան հարցի հետ կապված նրա մտադրությունների տապալումը, քանզի այդ դաշտում երևալու նրա փորձերը որևէ կերպ չընդգծվեցին ռուսական քաղաքականության մեջ՝ Երևան և Բաքու կատարած անարդյունք այցերից հետո։ Ընդ որում, Հայաստանում Կարեն Դեմիրճյանին քաղաքականություն վերադարձնելու նրա ջանքերը, ինչպես հայտնի է, ավարտվեցին ողբերգական իրադարձություններով, ինչի կապակցությամբ էլ Բ. Բերեզովսկին չարախնդում էր նեղ շրջանակի մի հանդիպման ժամանակ, որտեղ ներկա էր այժմ արդեն կյանքից հեռացած վրացական քաղաքական գործիչ և գործարար Բադրի Պատարկացիշվիլին։ Տապալումով ավարտվեցին նաև Ե. Պրիմակովի էմիսարների, այդ թվում` նրա տեղակալ Ա. Պաստուխովի այցերը Աբխազիա և Հարավային Օսիա, ինչի արդյունքում էլ այս խմբավորումը հասկացավ, որ հնարավոր չէ այդ երկու անջատված հանրապետություններին «համոզել» վերադառնալ վրացական վերահսկողության ներքո։ Բուն Վրաստանում ռուսամետ շրջանակների հետ արդյունավետ քաղաքականություն մշակել նույնպես չհաջողվեց, որովհետև այդ շրջանակները ներկայացնում են միայն բոհեմի վաղեմի թոշակառուները։ Բայց ահա 2006-ի տարեվերջին կամ 2007-ի սկզբին թունելում լույս երևաց, և Ե. Պրիմակովին թվաց, թե վերջապես բռնել է իր թբիլիսյան պատանեկության քաղցրաձայն թռչնակի պոչից։
2006-ի վերջում Վրաստանի նախագահ Մ. Սաակաշվիլին, խորհրդակցելով կառավարող կուսակցության ղեկավարության հետ, որոշում ընդունեց հատուկ ֆոնդերի ստեղծման մասին, որպեսզի հնարավոր լինի վարել հաջողված արտաքին քաղաքականություն։ Այդ ժամանակ ստեղծվեց երեք ֆոն` բավականին բարդ կառավարման մեխանիզմներով, և նրանցից յուրաքանչյուրը մասնագիտանում էր արտաքին քաղաքականության մի որոշակի ուղղությամբ։ Այնուհետև երեք ֆոնդերից մեկն ինչ-որ տեղ անհետացավ, իսկ մյուս երկուսը ձեռք բերեցին ավելի նեղ մասնագիտացում. ֆոնդերից մեկն աշխատում էր արտաքին քաղաքական լոբբինգի ապահովման ուղղությամբ, մյուսը՝ «ավելի ակտիվ միջոցառումների»։ Այդպիսով Մոսկվայում անհրաժեշտ աշխատանք տանելու նյութական բազան ձևավորվեց։ Վրացական դիտորդների կարծիքով՝ երկու ֆոնդերն էլ անմիջականորեն ենթարկվում էին կառավարող կուսակցության առաջնորդ Գիգա Բոկերիային։ Ինչը, ի դեպ, անհանգստություն առաջացրեց կուսակցության որոշ ղեկավարների շրջանում, նաև բավական նյարդայնացնում էր ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլուն։ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն բազմիցս բարձրացրեց այդ ֆոնդերի գոյության իրավականության հարցը, այդ թվում՝ Անվտանգության խորհրդում։ Արդեն 2007-ի կեսերին Մոսկվայում հայտնվեցին «խավարի իշխանի» դեսպանները՝ Ե. Պրիմակովին և այլ ազդեցիկ անձանց ուղղված առաջարկություններով։ Եվ թեկուզ աշխատանքն ընթանում էր լայն ճակատով՝ ներառելով ուժային կառույցները, այնուհանդերձ, շուտով պարզ դարձավ կամ էլ Մոսկվայից Վրաստանի ղեկավարության վզին փաթաթեցին այն գաղափարը, թե Ռուսաստանի դիրքորոշման փոփոխություն Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցում հնարավոր է միայն Ե. Պրիմակովի խմբավորման միջոցով գործելու դեպքում։ Դրանից հետո 18 ամիս շարունակ Ե. Պրիմակովն ու նրա մարդիկ ամեն կերպ համոզում էին վրացիներին, որ աշխատանքը հաջողությամբ առաջ է ընթանում, և ուրոր է՝ Ռուսաստանի ղեկավարությունը սկզբունքային որոշումներ կընդունի այդ հարցերի վերաբերյալ։ Անհրաժեշտ է միայն ընդլայնել կապերը, շփումները և, բնականաբար, ֆինանսավորումը։ Քանի որ այդ գործունեությունն արդեն դուրս էր գալիս լոբբինգի ընդունված ձևաչափերից և ավելի ու ավելի նմանվում քաղաքական արկածախնդրության, դրանով հետաքրքրվեցին ոչ միայն ռուսական հատուկ ծառայությունները, այլև Պետական դումայի որոշ կոմիտեներ։ Եվ Ե. Պրիմակովը հարկադրված էր բավական ստորացուցիչ բացատրություններ տալ համապատասխան առանձնասենյակներում՝ հոգու խորքում հավանաբար 10 անգամ փոշմանելով այդ բլեֆը նախաձեռնելու համար։ Այս ամռան սկզբին հասունացավ պահը, երբ պետք էր արդեն վրացական բարեկամներին հաշվետվություն ներկայացնել կատարված ծախսերի և արդյունքների վերաբերյալ։ Սակայն վրացական ֆունկցիոներները Ռուսաստանի ղեկավարության՝ իրենց համար ցանկալի որոշումների փոխարեն ստացան միայն երկիմաստ բացատրություններ, թե ինչպես էին Մոսկվայում վրաց ժողովրդի թշնամիները խոչընդոտում Ե. Պրիմակովի և նրա խմբավորման գործունեությունը։ Այդ թվում՝ Կոնստանտին Զատուլինը և Պետդումայի ևս երկու կոմիտեների նախագահներ։
Վրա հասավ 2008-ի օգոստոսի 7-ի ողբերգական օրը, երբ վրացական պետությունն ուղղակիորեն կանգնեց փլուզման եզրին։ Միայն մեկ ամիս անց նախագահ Մ. Սաակաշվիլին, մի քիչ խելքի գալով, անցկացրեց քաղաքական և ռազմական գործողությունների «գլոբալ» վերլուծություն, և պարզվեց, որ Ե. Պրիմակովի լոբբինգը ոչ այլ ինչ է, եթե ոչ դատարկաբանություն։ Բայց այստեղ այդ հիմնական վարկածն ունի երկու հնարավոր ենթավարկած։ Առաջինն այն է, որ Ե. Պրիմակովն իր գործունեությունն արդարացնելու նպատակով համոզել է վրացիներին, որ ռուսական 58-րդ բանակը հատուկ ծրար չունի և չի կարող հրաման ստանալ Վրաստանի տարածք ներխուժելու համար, և դա իբր Ե. Պրիմակովի և իր գործընկերների մեծագույն ծառայությունն է Վրաստանին։ Սակայն հնարավոր է նաև երկրորդ տարբերակը, որ Ե. Պրիմակովի կապերն օգտագործելով, ռուսական հատուկ ծառայություններն ամեն ինչ արեցին Վրաստանի ղեկավարությանը համոզելու համար, որ Թբիլիսիի կողմից աբխազական և հարավօսական խնդիրներն ուժային ճանապարհով «կարգավորելու» դեպքում ռուսական բանակը չի միջամտելու։ Համենայն դեպս, Հարավային Օսիայի նկատմամբ ուժային գործողության կիրառումից առաջ վրացական ղեկավարությունը համոզիչ ապացույցներ է ստացել, թե Ռուսաստանը վճռականություն չի ունենա դիմելու լայնամասշտաբ ռազմական միջամտության։
Այսպիսով, երկրորդ տարբերակի համաձայն, ակնհայտ է դառնում, որ իրականացվել է հատուկ մշակում՝ Մ. Սաակաշվիլուն ապատեղեկացնելու նպատակով։ Ընդ որում, կա համոզմունք, որ վրացական ղեկավարությունը ստացել է ոչ միայն բանավոր հավաստիացումներ, այլև փաստաթղթային տեքստ, որը կարող էր հաստատել Ռուսաստանի կողմից չեզոք պահվածքի հավաստիությունը։ Նման փաստաթղթերի առկայությունը շատ կարևոր է եղել Վրաստանում որոշում կայացնելու տեսանկյունից, քանի որ ռուսական 58-րդ բանակի զարգացումը, նրա կազմում նոր զորամասերի, այդ թվում` հարվածային ուղղաթիռների էսկադրիլիաների, բարձրակարգ լեռնահրաձգային բրիգադների ընդգրկումը, հրամանատարական կազմի փոփոխությունները, այնուհանդերձ, խոսում էին այն մասին, որ այդ բանակը վերածվում է ակտիվ հարձակողական խմբավորման։ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետախուզությունները լիարժեք տեղեկություն ունեին 58-րդ բանակի վերաբերյալ և բազմիցս զգուշացրել էին Վրաստանի ղեկավարներին Թբիլիսիի կողմից ագրեսիվ գործողությունների վտանգավորության մասին։ Բրիտանական թագավորական ակադեմիայի ռազմական խաղերից մեկի ժամանակ ռուս-վրացական պատերազմի սցենարը ոչ միայն ռազմական, այլև քաղաքական փորձագետների մասնակցությամբ դիտարկվել է։ ՆԱՏՕ-ի պետությունների ռազմական առաջատար փորձագետները ևս բազմիցս նշել են, թե 58-րդ բանակին տրամադրված է հատուկ ծրար, և այն կարող է բովանդակել Վրաստանի նկատմամբ գործողությունների ծրագիրը։ Այսինքն, Վրաստանի ղեկավարությանը համոզելու համար անհրաժեշտ էր տրամադրել հավաստի տեղեկատվություն ոչ միայն 58-րդ բանակի հնարավորությունների, այլև Ցխինվալի վրա հարձակման դեպքում Ռուսաստանի ղեկավարության հնարավոր արձագանքի մասին։ Թեպետ պատերազմի առաջին 30 ժամերի ընթացքում Մոսկվայի սպասողական կեցվածքը ևս կարծես հաստատում էր Ե. Պրիմակովի խմբավորման տրամադրած տեղեկատվությունը, ինչն էլ, ի վերջո, հանգեցրեց վրացական բանակն աղետի մեջ ներքաշելուն։
Ե. Պրիմակովի խմբավորումը Վրաստանի ուղղությամբ իր գործողությունն անվանում էր կարճ և տարողունակ բառով՝ «Կազբեկ»։ Այդ նախագիծը հաջողությամբ տապալվեց, և դրանով վերջնականապես ավարտվեց խոշոր խորհրդային արևելագետի ու պրոֆեսիոնալ լոբբիստի «կարիերան»։ Ասպարեզի վրա են երիտասարդ և ինքնահավան քաղաքական գործիչները, որոնց պետք չեն հնագիտական արժեք ներկայացնող մոհիկանները։ Ոչ շատ վաղուց Մոսկվայում խոսում էին, որ պրիմակովյան խմբավորումը շատ խոցելի է դարձել և շուտով կփլուզվի ու կկորցնի զբաղեցրած դիրքերը։ Այդպես էլ եղավ։ Ինչ-որ մեկը շատ ճարպկորեն, կարելի է ասել՝ ոսկերչական ճշգրտությամբ անցկացրեց գրեթե համանուն մեկ այլ օպերացիա աշխարհաքաղաքական իրողությունները վերաձևելու ուղղությամբ։ Հավանաբար, ռուսական քաղաքական գործիչները և ոչ միայն նրանք սիրում են պատկերավոր կոդային անվանումները։ Համարժեք օպերացիաները 1991-92-ին Ղարաբաղում կոչվում էին «Երկաթե օղակ» և «Լեռներ»։ Վրաստանում իրականացված գործողությունը կարելի էր անվանել «Ողջույն Պրիմակովին»։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 4925

Մեկնաբանություններ